Ինչպե՞ս նախապատրաստել մեքենան ձմռանը
19.12.2022
Ձմեռ է եկել, ուստի անհրաժեշտ է դիմավորել ցուրտ եղանակները՝ մեքենան պատրաստելով հավուր պատշաճի։
Ձմռանը ավտոմեքենայի համար շատ բացասական գործոններ կան՝ սառնամանիքներ, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ, մերկասառույց, ձնակույտեր, ճանապարհային ռեակտիվներ և այլն։ Ցուրտ սեզոնին մեքենան նախապատրաստելը ոչ միայն կերկարացնի դրա կյանքը, այլ նաև կդարձնի շահագործումը ավելի հաճելի և անվտանգ: Ահա թե ինչի վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել։
Ամառային անվադողերը փոխարինե՛ք ձմեռայիններով
Ամառային անվադողերը փոխարինե՛ք ձմեռային անվադողերով՝ առանց սպասելու ձյան տեղալուն։ Հոկտեմբեր ամսին, քանի դեռ տաք են եղանակները և օդի ջերմաստիճանը բարենպաստ է, պետք է փոխարինել անվադողերը։
Ընտրե՛ք ձմեռային անվադողեր՝ ըստ մեքենայի շահագործվող պայմանների։ Խոշոր քաղաքների համար, որտեղ ճանապարհները պարբերաբար մաքրվում են, խորհուրդ է տրվում օգտագործել ասֆալտի հետ ավելի քիչ շփման մակերես ունեցող անվադողեր: Ձյունառատ արտաճանապարհային պայմաններում ավելի արդիական են առավելագույն կպչողականությամբ անվադողերը, որոնք ունեն խորը փոսիկներ՝ ցեխի և քարերի արտամղման համար։
Վերացրե՛ք քերծվածքներն ու վնասվածքները
Ձմեռային խոնավությունը, ճանապարհային ռեակտիվները կտրուկ արագացնում են մետաղի կոռոզիայի պրոցեսը։ Ձմռանը ճանապարհներին ոչ միայն աղ են ցանում, այլ նաև ավազ, որը նույնպես վնասում է մեքենայի կարկասը։ Հետևաբար, ավելի լավ է մինչ ձյան գալը վերացնել բոլոր թերությունները, որոնք ի հայտ են եկել ամառվա ընթացքում՝ քերծվածքներ, վնասվաքներ... Այսպիսով, մեքենան ոչ միայն ավելի գեղեցիկ կդառնա, այլև ավելի պաշտպանված կլինի։ Եթե մեքենան նորոգելու ժամանակ կամ գումար չունեք, գնե՛ք մի փոքր ներկ և վրձնով լցրե՛ք բոլոր վնասված հատվածները։ Ավելի թանկ, բայց հուսալի միջոց կարող է դառնալ մեքենաների համար նախատեսված հատուկ պաշտպանիչ ծածկույթը։
Ստուգե՛ք մարտկոցը
Մարտկոցը ևս մի դետալ է, որը կարող է տհաճ անակնկալ մատուցել ձմռանը։ Հզորության կամ ելքային հոսանքի մակարդակի կորուստը կարող է աննկատ լինել տաք եղանակին, երբ շարժիչը միանում է «կես պտույտով, իսկ էլեկտրական ջեռուցման համակարգը անջատված է: Բայց ցուրտը կտրուկ մեծացնում է էլեկտրաէներգիայի սպառումը, իսկ մարտկոցի հզորությունը նվազում է։ Հետևաբար, մինչև եղանակի ցրտելը անհրաժեշտ է ստուգել մարտկոցը, նույնիսկ եթե այն դեռ նոր է:
Փոխե՛ք մեքենայի յուղը
Մինչև յուղի պլանավորված փոփոխությունը դեռ կա մի քանի հազար կիլոմե՞տր։ Մի՛ վարանեք, փոխե՛ք յուղը մինչև եղանակը վերջնականապես կցրտի։
Երբ ջերմաստիճանը դրսում իջնում է 0°С ցածր, յուղը խտանում է և ավելի վատ է կատարում իր գործը՝ յուղում բաղադրիչները, ինչը հանգեցնում է դրանց մաշվածության ավելացմանը:
Իսկ օգտագործված յուղի հատկությունները, ի դեպ, ավելի թույլ են։
Հնացած յուղի պատճառով զգալիորեն կրճատվում է շարժիչի կյանքի տևողությունը, հատկապես ձմռան ցրտի պայմաններում:
Կարգի՛ բերեք ապակիները
Դիմապակու վրա գտնվող փոքր քերծվածքը կարող է մի ցրտաշունչ առավոտ վերածվել տհաճ ճաքի: Ձմռանը ապակին ենթարկվում է ջերմաստիճանի լուրջ տատանումների:
Դրսից ապակին սառչում է, իսկ ներսից ջեռուցման համակարգի շնորհիվ՝ տաքացվում։ Իհարկե, մեքենան կարելի է վարել նաև ապակու ճաքերով, բայց դրանցով դուք չեք կարող տեխզննում անցնել:
Եվ ամենակարևորը, ճաքերը խաթարում են տեսանելիությունը և փչացնում դիմապակու մաքրիչների եզրերը: Հետևաբար, նման ապակին կա՛մ պետք է վերանորոգվի մասնագետների կողմից, կա՛մ փոխարինվի նորով:
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։